Նորվեգական ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի հարցաքննության նյութերը: Դրանցից հետևում է, որ Բրեյվիկը ահաբեկչության իրականացման 30 տարբեր թիրախային վայրեր էր ընտրել: Դրանց թվում էին նավթագազային պլատֆորմները, միջուկային ռեակտորները և թագավորական պալատը: Նա նախատեսում էր պայթեցնել նաև Նորվեգիայից դուրս գտնվող տասնյակ օբյեկտներ:
Ըստ նյութերի`իր «զոհերին» Բրեյվիկն անվանում է «Ա աստիճանի դավաճաններ»: Ուտոյա կղզու սպանությունները ծայրահեղականի «Բ ծրագիրն» էր:
Բրեյվիկը հայտարարել է, որ իր առաջնային նպատակը կառավարության շենքը «հողին հավասարեցնելն էր»: Ահաբեկչի խոսքով` նա ցանկանում էր պայթուցիկով մեքենան կանգնեցնել կառավարական շենքի սյուների միջև: Անդերսի հաշվարկներով, դա կարող էր հանգեցնել ողջ շենքի փլուզման: Սակայն, այն բանից հետո, երբ այդ ծրագիրը չաշխատեց, ծայրահեղականը ուղևորվեց կղզի:
Հիշեցնենք, որ կրկնակի ահաբեկչությունը տեղի էր ունեցել Նորվեգիայում հուլիսի 22-ին: Ահաբեկչությունների հետևանքով 77 մարդ զոհվեց: Բրեյվիկի նկատամամբ քրեական գործ է հարուցվել Նորվեգիայի քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն (ահաբեկչություն և ահաբեկչական գործունեություն):