Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև երկխոսության ձախողումը բերեց նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնվեց չափազանց շահեկան դիրքերում: Ներկա դրությամբ ԲՀԿ-ն ցանկալի գործընկեր է թե’ ՀՀԿ-ի, թե’ ՀԱԿ-ի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
«Փետրվարի 19-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը որևէ կերպ չանդրադարձավ փետրվարի 17-ի կոալիցիոն հռչակագրի թարմացման հուշագրին: Պատճառն այն էր, որ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր չէր դրել կամուրջներ գցել ԲՀԿ- ի հետ», – ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` երկխոսությունը կասեցվեց այն պատճառով, որ, այս երկխոսության մեջ մտնելով, իշխանությունն իր նպատակներն էր հետապնդում՝ բարելավել սեփական իմիջը միջազգային ասպարեզում, և այդ նպատակին իշխանությունը հասավ՝ լուծելով չորս տարի ձգձգվող մի շարք պրոբլեմներ ԵԽԽՎ-ի և մոնիտորինգի հանձնաժողովի հետ: Աշնանը ԵԽԽՎ-ի նիստում մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկում էր ՀԱԿ-ին նախապատրաստվել հերթական նախագահական ընտրություններին` միաժամանակ նշելով, որ փակում է Մարտի մեկի էջը:
Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ Կոնգրեսի համար չափազանց վտանգավոր են հերթական խորհրդարանական ընտրությունները.
«Եթե ՀՀԿ ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, ՀԱԿ-ը կստանա փրկության շանս, այսինքն` այդ դեպքում Լևոն Տեր Պետրոսյանը հնարավորություն կունենա հայտարարելու, որ սրանք շարքային սովորական, հերթական խորհրդարանական ընտրություններ չեն, այլ բովանդակային առումով նախագահական ընտրությունների սկիզբն են, քանզի նախագահը համարվում է հերթական առանցքը: Եթե Սերժ Սարգսյանը չմասնակցի այս ընտրություններին և լինեն սովորական ընտրություններ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է լինելու մրցել մի որևէ Գագիկ Բեգլարյանի հետ, թե Գագիկ Բեգլարյանը կլինի Տիգրան Սարգսյանի տեսքով, թե Հովիկ Աբրահամյանի, սա էական չէ, էականն այն է, որ այս փաստը նվաստացուցիչ է առաջին, հիմնադիր նախագահի համար: Եթե այս ընտրություններով լուծվում է խորհրդարանում մի քանի տեղ ունենալու հարցը և սա չի համարվում պայքար Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև, ապա այդ դեպքում Կոնգրեսը կփլուզվի:
Եթե խորհրդարանական ընտրություններն ընթանան առանց լուրջ խախտումների, ընտրակեղծիքների, ապա, ըստ քաղաքագետի, խորհրդարանում ձայների մեծամասնությամբ կհաղթի ԲՀԿ-ն:
«ՀՀԿ-ն ինչքան էլ սպառնա , որ կարող է զրկել բոլոր հնարավորություններից, իրականում այդպիսի քայլի չի գնա, քանզի վտանգավոր իրավիճակ կստեղծվի, և ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կհայտնվեն նույն հարթության վրա», – նշել է Հովհաննիսյանը:
Օգտագործված են լուսանկարներ president.am և kapan.tv կայքերից