2010 թվականի նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվսիտների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը հայցով դիմել է դատարան և պահանջում է, որ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին ենթարկեն վարչական տույժի, իբր, իրենց օրինական պահանջին չենթարկվելու համար:
ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել դատական նիստ, որին հայցվոր կողմը ներկա չի գտնվել: Դատարանում լսել են 4 վկաների, որոնք ՊՊԾ աշխատակիցներ են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով` այդ օրը ոստիկաններն իրեն ոչ մի պահանջ չեն ներկայացրել:
«Երբ մենք հարցրեցիքն ոստիկաններին, թե ինչու մեզ այդ հրապարակից, բռնության ենթակելով, դուրս հանեցին, վկա ոստիկաններն ասացին, որ իբրև թե մենք մեր կամքով ենք գնացել: Այնուհետև նրանք ասացին, որ ես ճաղերն եմ շարժել, ես ասացի` այո, ճաղերը շարժել եմ: Իսկ իմ այն հարցին, թե ինչով էր պայմանավորված այն, որ իրենք այդ օրը սահամանափակել էին դեպի հրապարակ մարդկանց տեղաշարժը և փակել էին ճանապարհը, նրանք իրավական առումով չկարողացան հիմնավորել»,- ասել է Կարապետյանը:
Այնուհետև դատարանն անցել է երկու կողմերի ներկայացրած տեսասկավառակների զննությանը, սակայն Կարապետյանի ներկայացրած սկավառակը դատարանի համակարգչով հնարավոր չի եղել դիտել, և դատավոր Հակոբյանը լրացուցիչ հիմնավորվածության համար հետաձգել է դատական նիստը` նշանակելով այն 2012 թվականի հունվարի 31-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Երևանում անցկացվում էր «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակության համաժողով»-ը, և Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն էին ցանկանում հասցնել եվրոպացի պաշտոնյաներին: Սակայն ակցիայի ժամանակ ոստիկանները խլել և ջարդել են նրանց պաստառները, իսկ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման էին ենթարկել: