38-ամյա բրիտանուհի Ջուլիա Մաքքեյբը կոմայի մեջ է հայտնվել տնային պայմաններում վարսերը ներկելուց հետո: Նրան այսպիսի վիճակի մեջ է գցել ներկի հանդեպ օրգանիզմի ալերգիկ հակազդեցությունը: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ սրտի աշխատանքի դադարով և ուղեղի լուրջ վնասվածքով:
Ջուլիայի ամուսինը պատմել է, որ հոկտեմբերի 30-ին իր կինը որոշել է ներկել մազերը և օգտագործել է այն ներկը, որից սովորաբար օգտվում էր, սակայն այս անգամ կինն իրեն շատ վատ է զգացել: «Նա ավարտեց ներկելը և ասաց, որ շնչահեղձ է լինում»:
Ամուսինը Ջուլիային հիվանդանոց է տեղափոխել, սակայն ճանապարհին նրա սիրտը դադարել է աշխատել: Այժմ նա միացված է կենսաապահովման սարքին: Բժիշկները որևէ կանխատեսում չեն անում և չեն բացառում, որ կինը այլևս երբեք դուրս չի գա կոմայից:
Ջուլիա Մաքքեյբի հայրը հաղորդել է, որ ալերգիկ հակազդեցություն է առաջացրել պարաֆենիլենդիամին անունով նյութը: Նման եզրակացության են եկել բժիշկները` հետազոտելով իրենց հիվանդ կողմից օգտագործված ներկերն ու ձեռնոցները: