Երկուշաբթի երեկոյան Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է հրաժարականի մասին: Նման որոշում է կայացվել բանակի և հազարավոր ցուցարարների եռօրյա բախումների արդյունքում: Եգիպտացի ակտիվիստները երեք օր շարունակ գտնվում էին արդեն ողջ աշխարհով մեկ հայտնի դարձած Կահիրեի Թահրիր հրապարակում: Երկրի ստորին պալատի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարության հրաժարականի փաստը ժողովուրդը ցնծությամբ և «Ալլահը մեծ է» կոչերով է ընդունել:
Ի դեպ, ոչ ոք չի պատրաստվում ցրվել. հավաքվածները մտադիր չեն դադարեցնել ցույցերը այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականներն ամբողջությամբ չհանձնեն լիազորությունները:
«Մենք չենք հեռանա հրապարակից, քանի դեռ չի հայտնվել ազգային կառավարություն, որը մեր շահերը կներկայացնի և իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը», – ասել է Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարներից մեկը Al Jazeera հեռուստաընկերությանը:
Միաժամանակ բանակում կարծիք կա, որ ինչ-որ մեկը արհեստականորեն բորբոքում է հանրությանը`նպատակ ունենալով հերթական անգամ ապակայունացանել իրավիճակը:
«Ինչ-որ մեկը սեպ է խրում ժողովրդի և զինվորականների մեջ: Ինչ-որ անհայտ ձեռք կա, որն ուղղորդում է ամբոխի գործողությունները`մեծացնելով բանակի և զանգվածների միջև անդունդը», – երկուշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է գեներալ Սաիդ Աբբասը:
ԶԼՄ-ներում կարծիք կա, որ այս ամենն իրականացվում է և ձեռնատու է «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը: Վերլուծաբանները նշում են, որ մի կողմից բոլոր հիմքերը կան վստահորեն ասելու, որ խորհրդարանական ընտրություններում նրանք հաղթանակած դուրս կգան`իշխանության հասնելով ամենաժողովրդավարական ճանապարհով, մյուս կողմից` երբեք ավելորդ չէ հերթական անգամ պաշտպանել ժողովրդի այն համոզմունքը, որ չար թշնամին պատրաստվում է վերցնել իրենցից հակամուբարաքյան հեղափոխությունը, իսկ փրկիչը մեկն է`«Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը:
Լուսանկարները` EPA