«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանն առայժմ մտադիր չէ աշխատանքից ազատել որևէ մարզպետի:
Թերթը վստահություն է հայտնում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ որևէ մարզպետի փոփոխությունը կարող է տվյալ մարզում անդրադառնալ ՀՀԿ-ի քվեների վրա:
«Նոր մարզպետը դժվար թե հասցնի մի քանի ամսում վերահսկողություն սահմանել մարզային բոլոր վարչական ռեսուրսների, համայնքների ու դրանց ղեկավարների նկատմամբ: Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն անտեսել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկոտ միջադեպը այն դեպքում, երբ առնվազն երկու պատգամավոր`Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլյարյանը տեսել են, թե ինչպես է Խաչատրյանը հարվածել գործարար Սիլվա Համբարձումյանին: Բացի դա, կա նաև հյուրանոցից վերցված տեսագրությունը: Ճիշտ է, այդ միջադեպի հետ կապված ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, որովհետև միջադեպը հասարակական հնչեղություն ստացավ, բայց չի բացառվում, որ Խաչատրյանը դրա համար համարժեք պատասխանատվություն չկրի», – եզրակացնում է օրաթերթը: