ԱՄՀ նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը որոշել է դատի տալ մի շարք ֆրանսիական թերթերի և ամսագրերի իրեն զրպարտելու համար:
Ինչպես հայտնել են քաղաքական գործչի փաստաբանները, մոտ ժամանակներս դատական հայցեր են ներկայացվելու այնպիսի պարբերականների դեմ, ինչպիսիք են «Ֆիգարոն», «Էքսպրեսը» , «Նուվել օբսերվատերը» և «Պարի մատչը»:
Նշենք, որ Նյու Յորքում հյուրանոցի սպասուհու, ինչպես նաև Փարիզում լրագրողի կողմից բռնաբարություն իրականացնելու մեջ մեղադրվելուց հետո, ժամանակին աշխարհի ազդեցիկ տնտեսագետներից մեկը այժմ հայտնվել է մեկ այլ սկանդալի կենտրոնում: Ֆրանսիայի շքեղ հյուրանոցներից մեկում`«Կարլտոնում», ոստիկանների գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ստրոս-Կանը պարբերաբար լինում էր այնտեղ և դիմում էր վճարովի կանանց ծառայություններին:
Դեռ 2011թ. գարնանը Ստրոս-Կանը համարվում էր Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածուն, սակայն նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու բողոքի հետևանքով ծավալված սեքս սկանդալը ազդել է քաղաքական գործչի վարկի վրա: