Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին և շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք, հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
«Պետք է սրտացավ լինենք մեր աշխատանքում, ցուցաբերենք կամք և հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,- նշել է Մարգարյանը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:
Հիշեցնենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը (Կյաժ Էդո) ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ Մուշեղյանը թաղապետ էր նշանակվել Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա Կարապետյանի մանկության ընկերն է: