Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում սպանվել է ազգությամբ հայ գործարար, 48-ամյա Դավիթ Տերտերյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Դավիդ Սուխումսկի մականունով, հաղորդում է Fontanka.ru կայքը:
Երեքշաբթի երեկոյան` 18:30-ին, գործարարը դուրս է եկել տանից իր «Մերսեդես S500» մակնիշի մեքենայով: Ընդամենը 50 մետր անցնելուց հետո նա կանգ է առել շրջադարձի մոտ: Հենց այդ պահին անհայտ մեկը կողային ապակուց 3 անգամ կրակել է Տերտերյանի վրա: Գործարարը երեք հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:
Նա կարողացել է կրակոցներից հետո ավելի քան մեկ կիլոմետր անցնել, որից հետո, սակայն, կորցրել է գիտակցությունը:
Տեսահսկման սարքերն արձանագրել են` ինչպես է մարդասպանն արդեն 4-րդ անգամ կրակում հեռացող մեքենայի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Տերտերյանը մահացել է իրեն տեղափոխող «շտապօգնության» մեքենայում:
Նշենք, որ գործարարը պետերբուրգյան մի շարք ընկերությունների համասեփականատեր էր, ուներ երեք երեխա: Դավիթ Տերտերյանը բավական հայտնի դեմք էր քրեական աշխարհում 90-ականներին, սակայն, ինչպես նշում է fontanka.ru-ն, պուտինյան դարաշրջանում նա փոխել է նիստուկացը, հեռացել քրեական աշխարհից, իսկ ոստիկանության երիտասարդ աշխատակիցներն անգամ չէին ճանաչում Դավիթ Սուխումսկիին: