Home / Հայաստան / Չեխիայում բացվեց Հայաստանի դեսպանատունը

Չեխիայում բացվեց Հայաստանի դեսպանատունը

Նոյեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը ներկա են գտնվել Պրահայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին Պրահայում հավատարմագրված դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Չեխիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Պրահայում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ` ընդգծելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը:

 

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում  կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական համագործակցության ներուժի օգտագործմանը,  ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը:

Էդվարդ Նալբանդյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։