Օրերս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաև դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»:
«Առավոտը» ԵՊՀ ռեկտորին հարցում արեց՝ պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկը, և Վահան Հովհաննիսյանի աղջիկը՝ Աննան, ի՞նչ գնահատական են ստացել Բագրատ Ասատրյանի դասավանդած «Բանկային գործ» առարկայից, եթե նրանք ընդհանրապես դասի չեն եկել, և, բացի այդ, ո՞վ է դասախոսի փոխարեն ընդունել քննությունը: 2009-ի շրջանավարտների արխիվային փաստաթղթերից պարզվեց, որ Սարգսյանի և Հովհաննիսյանի զավակները քննությունը հանձնել են անհատական գրաֆիկով և երկուսն էլ «4» (լավ) են ստացել:
Այդ ուսանողներին չնշանակած Բագրատ Ասատրյանի ստորագրության փոխարեն քննությունն ընդունել ու իր ստորագրությունը դրել է ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ավելին՝ այդ ուսանողները պետական ավարտական քննությունից և դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից նույնպես «4» են ստացել, գրում է «Առավոտը»: