Բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»:
Ըստ թերթի` խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա` այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել և լինել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում: Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել պաշտոնի իմաստով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով:
Թերթի տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, և ԱԽՔ քարտուղարն այնտեղից վերադարձել է առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:
Շրջանառվող լուրերի համաձայն` սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար:
«Թե ինչպես դա կդրսևորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում` մեզ հայտնի չէ: Փոխարենը նկատենք, չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիրառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին` ակնարկելով, որ իրենք` ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»: ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը և առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին», – գրում է թերթը: