Նոյեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Դանիա, որտեղ կայացել է Հայաստանի դեսպանության բացման արարողությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
Դեսպանատան բացմանը ներկա էին Դանիայի Եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Արարողության ընթացքում Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Ելույթ ունենալով բացման արարողությանը` Էդվարդ Նալբանդյանը նշել է.
«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաև բարձրաձայնում ենք մեր հավակնությունն որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հայաստանի դեսպանատուն բացվեց նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: