Այսօր Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների առաջին օրն է: Երկրի մայրաքաղաք Կահիրեում բողոքի ալիքը շարունակվում է. հազարավոր ցուցարարները պահանջում են բանակի հրամանատարությունից իշխանությունն անմիջապես փոխանցել քաղաքացիական կառավարությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում բախումները կասեցնելու փորձերն անհաջողությամբ են պսակվել. զոհերի թիվը հասնում է 40-ի, ավելի քան 3000 մարդ վիրավոր է: Այսօր Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը ներողություն է խնդրել 6-օրյա ցույցերի ընթացքում տեղի ունեցած մահերի համար:
Հարկ է նշել, որ երկրում ընթացող վերջին իրադարձությունները կասկածի տակ են դնում երկրի ապագայի հետ կապված նախկինում շրջանառվող կարծիքները:
Ներկայումս ժողովրդի ցասումն ուղղված է ոչ միայն ոստիկանական հատուկ ծառայությունների, ոչ միայն խունտային գեներալների դեմ, այլ նաև իսլամական «Մահմեդական եղբայրներ» շարժման դեմ: Նշենք, որ մինչ այժմ կարծիք կար, որ հենց նրանք են մեծամասնություն կազմելու խորհրդարանում, և ժողովրդավարություն են կառուցելու շարիաթի օրենքներին համապատասխան:
Այժմ «Եղբայրներին» մեղադրում են խունտայի հետ «գործարքի» գնալու և ժողովրդին դավաճանելու մեջ:
Գեներալները, «Մահմեդական եղբայրների» աջակցությունը ստանալով, հայտարարել էին, որ պատրաստ են նախագահական ընտրություններ անցկացնել հունիսին: Այդ իսկ պատճառով «Եղբայրներին» մեղադրում են գաղտնի գործարքի գնալու մեջ:
Ցուցարարներն այժմ ասում են, որ իրենց միակ հույսը լայն աշխարհիկ կոալիցիայի ստեղծումն է, որը կդիմադրի և´ իսլամիստներին, և´ գեներալներին: Եգիպտական լիբերալ թևի ներկայացուցիչ Ահմեդ Նակիբը այսպես է ներկայացրել իրավիճակը.
«Ինչպես պարզվեց, «եղբայրները» պատրաստ են ամեն ինչի գնալ, միայն թե իշխանության հասնեն: Նրանք սոված են երևում: Նրանք չեն անում այն, ինչը կարող էր ծառայել Եգիպտոսի շահերին: Նրանք իրենց գործողություններն իրենց շահերին են համապատասխանեցնում»:
Իսլամիստական շարժման շարքային ներկայացուցիչները հիասթափված են ղեկավարությունից և մեղադրում են նրանց «դավաճանության» մեջ: Նրանցից մեկը Telegraph-ի հետ զրույցում ասել է. «Նրանք չպետք է գործարքի մեջ մտնեին, երբ մարդիկ փողոցում մահանում են»: