Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ և քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները: Տարոն Մարգարյանը, իր հերթին, ներկայացրել է գործընթացի նպատակը և փուլային մոտեցումները: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջնահերթ լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը:
Սեփականատերերի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և Աբովյան փողոցի այդ հատվածը շուտով երեւանցիներին կներկայանա իր ամբողջ տեսքով: Գործընթացին կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող և պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միևնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող և գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու:
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի, առևտրի և սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր առևտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:
«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միևնույն է` խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաև շահեկան կրպակատերերի համար»,- Տարոն Մարգարյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: