Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ երկրի հիմնական ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» (CHP) պետք է ներողություն խնդրի 1930-ականներին ալևիների նկատմամբ իրականացրած սպանությունների համար, խառնաշփոթ է առաջացրել CHP կուսակցության ներսում: Կուսակցության վարչակազմը պաշտոնից ազատել է շրջանային գրասենյակներից մեկի ղեկավարին, ով չէր հապաղել հետևել Էրդողանի կոչին և իր անունից ներողություն խնդրել: Ինքը` Էրդողանը, ներողություն է խնդրել պետության անունից:
CHP-ի խորհրդարանական խմբակցության անդամ Ակիֆ Համզաչեբին առաջինն է պաշտոնապես արձագանքել Էրդողանի հայտարարությանը և մեղադրել է նրան անջատողականության մեջ: «Վարչապետը ատելություն, զայրույթ և թշնամանք է տարածում: Նա անջատողական քաղաքականություն է վարում: Վարչապետը պատերազմ է սկսել Հանրապետւթյան դեմ: Հաջորդը Աթաթուրքն է», – ասել է նա:
Համզաչեբին մեղադրել է վարչապետին «էժան քաղաքականության մեջ» `հավելելով. «Յուրաքանչյուր ապստամբ զոհ է Էրդողանի աչքերում»:
CHP-ի մեկ այլ պատգամավոր` Գյուրսել Թեքինը, Էրդողանի հայտարարությանը գրավոր պատասխան է տվել և նույնպես մեղադրել է նրան հանրության շրջանում թշնամություն տարածելու մեջ:
«Ես շնորհավորում եմ վարչապետին: Նա պայթուցիկ տեղադրեց մեր ազգի և երկրի միասնության հիմքին: Նրան հաջողվել է թշնամանք սերմանել մարդկանց մեջ: Նշեմ նաև, որ մենք մեր պատմությունը սովորեցինք, շնորհակալ եմ նրան: Էլ ի՞նչ է մնում ասելու: Ո՞րն է վարչապետի հաջորդ քայլը: Ո՞րն է նրա արշավի վերջնական նպատակը», – ասել է նա:
Ինչպես գրում է Today’s Zaman-ը, այդուհանդերձ, կուսակցության ոչ բոլոր անդամներն են դեմ Էրդողանի հայտարարությանը: Օրինակ CHP-ի Դիարբեքիրի կառույցի ղեկավար Մուցաֆեր Դեղերը հայտարարել էր, որ CHP-ի ղեկավարությունը պետք է հետևի վարչապետի օրինակին, ճանաչի իր անցյալն ու ներողություն խնդրի:
Նրա այս հայտարարությունից ժամեր անց, սակայն, կուսակցությունը հրաժարվեց խոստովանել, որ Դեղերն իրենց կուսակցության շրջանային կառույցի ղեկավարն է: CHP-ն հայտարարել է, որ Դեղերին ազատել է պաշտոնից մինչև այդ հայտարարությունը: