Home / Հայաստան / Նախագահականի դարպասին մեքենայով հարվածած երիտասարդի արարքը սոցիալական բունտ էր, գրում էր թերթը

Նախագահականի դարպասին մեքենայով հարվածած երիտասարդի արարքը սոցիալական բունտ էր, գրում էր թերթը

Օրեր առաջ նախագահական նստավայրի դարպասին «Գազ-2410» մեքենայով հարվածած տղամարդը` Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Վաչագան Իսոյանը հենց սկզբից էլ չի թաքցրել, որ դա արել է դիտավորյալ` այդպիսով արտահայտելով սոցիալական, հասարակական անելանելի վիճակի վերաբերյալ իր բողոքը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ թեև պաշտոնական հաղորդագրություններում տեղի ունեցածը փորձ էր արվում ներկայացնել որպես հարբած մարդու չգիտակցված արարք, իրականում իշխանությունները շատ լուրջ են վերաբերվել միջադեպին: Գործի պաշտոնական քննությունը վարում է ՀՀ ոստիկանությունը, բայց հենց սկզբից դրանով սկսել է զբաղվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը: Մանրամասն ուսումնասիրվել են Իսոյանի շփման միջավայրը, նրա քաղաքական հայացքները, կապերը քաղաքական այս կամ այն ուժի հետ:

 

Ինչպես նշում է թերթը, համապատասխան մարմինների համար մեծ անակնկալ է եղել, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Իսոյանը ներգրավված է եղել Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեջ և գյուղում սերժականի համարում է ունեցել:

«ՀԺ»-ն, վերլուծելով Իսոյանի արարքը, գրում է, որ կասկածից վեր է, որ դա սոցիալական բունտի առաջին լուրջ դրսևորումն է Հայաստանում:

Ինչպես պարզել է թերթը, Իսոյանի ընտանիքում վերջերս կրկնակի ողբերգություն է տեղի ունեցել: Նախ` Ռուսաստանում մահացել է եղբայրը, և ընտանիքը դիակը չի կարողացել տեղափոխել Հայաստան, վերջերս էլ մորաքույրն է մահացել, քանի որ, ինչպես հայտնել են Իսոյանի համագյուղացիները, հարազատները չեն կարողացել պատշաճ սննդով ապահովել նրան: Իսկ համապատասխան մարմինները ահաբեկման մեջ են պահում Իսոյանի հարազատներին`փորձելով ամեն ինչ անել, որ տեղի ունեցածը ամենուրեք ներկայացվի որպես խմած վարորդի թույլ տված ավտոպատահար:

Հետգրության մեջ թերթը մեկնաբանում է իրավիճակը, նշելով, որ, թեև Իսոյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդուհանդերձ տվյալ արարքը խուլիգանության հանցակազմի մեջ մտնել չի կարող:

«Արարքի բնույթն ու հետևանքները ակնհայտ են դարձնում, որ սա վարչական և ոչ թե քրեական տիրույթի գործ է, և ակնհայտ է , որ Իսոյանը կալանքի տակ է գտնվում բացառապես քաղաքական դրդապատճառներով», – գրում է «ՀԺ»-ն: