Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում /նախագահող դատավոր` Ս.Կոստանյան/ Ավետիք Հովհաննիսյանի քրեական գործը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3 մասի 1 կետով (Ավազակություն, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):
Համաձայն Հելսինկյան ասոցիացիայի հաղորդագրության, ըստ մեղադարական եզրակացության, Հովհաննիսյանին մեղադրանք են առաջադրել է այն բանի համար, որ իբրև վերջինս զենքի գործադրմամբ, առանձնապես խոշոր չափերի գույք ակնհայտ հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի հետ, 2009 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 18-ի սահմաններում, գնացել են Վալյա Ամիրխանյանին պատկանող բնակարան՝ ավազակային հարձակում կատարելու նպատակով:
«Սա հերթական շինծու քրեական գործերից է, երբ դատախազությունը ցույց տալու համար հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, մեղադրանք է առաջադրել ակնհայտ անմեղ անձին` քրեական գործում չունենալով Ա.Հովհաննիսյանի կողմից հանցավոր արարքը կատարելը հիմնավորող ապացույցներ: Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հիմնավորվում է, որ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել բացառապես դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչիկ Մակարյանի նախաքննության ընթացքում հակասական ցուցմունքների հիման վրա, որոնք դատավարության ընթացքում, հրաժարվելով նախաքննական ցուցմունքներից, հայտնել են, որ Ա.Հովհաննիսյանը իրենց հետ չի մասնակցել ավազակային հարձակմանը և պատճառաբանել, որ զրպարտչական ցուցմունքները են տվել ոստիկանների կողմից խոշտանգումների արդյունքում: Ընդ որում, Ս.Գասպարյանի մարմնական վնասվածքները արձանագրվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից, սակայն առաջացման պատճառները նշվել են ՁՊՎ-ում քնելատեղից ընկնելու հետևանքով /ինչպես և բոլոր նմանատիպ դեպքերում/: Ի դեպ պետք է նշել, որ դատարանը որևէ կերպ չի արձագանքել խոշտանգման վերաբերյալ հայտարարություններին», – նշում է Հելսինկյան ասոցիացիան:
Համաձայն հաղորդագրության հեղինակների, տուժողը չի տեսել Ա.Հովհաննիսյանին, և միայն քննիչի կողմից հուշելուց հետո է մատնանշել ամբաստանյալին որպես իր տուն հարձակում կատարած երրորդ անձ, միաժամանակ նշելով որ չի տեսել երրորդ անձի դեմքը, ու եթե ներկայումս այս ամբաստանյալն է նստած մեղադրյալի աթոռին, ուրեմն ինքն է ավազակային հարձակում կատարողներից մեկը:
«Երևի դա էր պատճառը, որ մեղադրող՝ Տիգրան Պողոսյանը, շուրջ 3 ամիս չներկայացավ դատական նիստերին, որից հետո նրան փոխարինեց դատախազ՝ Տիգրան Հովհաննիսյանը, որն էլ ի դեպ քրեական գործին ծանոթ չէր, քանի որ դատական նիստերի քարտուղարից էր տեղեկանում՝ տուժողի և վկաների կողմից տրված ցուցմունքների բովանդակության մասին:
Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի նկատմամբ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ դատաքննությունը դեռևս չի ավարտվել, հուսանք, որ դատավոր Ս.Կոստանյանը չի անտեսի պաշտպանական կողմի փաստարկները և կկայացնի արդար դատավճիռ», – ասված է Հելսինկյան ասոցիացիայի հաղորդագրության մեջ: