Home / Հայաստան / Եգիպտացիներն ակտիվորեն ընտրում են. չեն բացառվում բախումներ

Եգիպտացիներն ակտիվորեն ընտրում են. չեն բացառվում բախումներ

Այսօր` նոյեմբերի 28-ին, Եգիպտոսի բնակչությունը մասնակցում է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո առաջին անգամ անցկացվող խորհրդարանական ընտրություններին, որը հեղափոխության և երկարատև խռովությունների արդյունք էր:

Ինչպես նշում է «Ալ Ջազիրան», ընտրատեղամասերի առջև արդեն իսկ երկար հերթեր են գոյացել և մեծ ոգևորություն է նկատվում ընտրողների շրջանում: Կայքի թղթակցի գնահատմամբ` ընտրողների աննախադեպ ակտիվություն է նկատվում:

Երկրի ժամանակավոր իշխանությունները խոստացել են առավելագույն անվտանգություն ապահովել ընտրությունների անցկացման ժամանակ:

Շատ եգիպտացիներ, այդուհանդերձ, մտավախություն ունեն, որ ընտրատեղամասերում կարող են բախումներ տեղի ունենալ:

Ի դեպ, որոշ ընտրատեղամասեր գենդերային տարբերություն են մտցրել` առանձին վայրեր հատկացնելով տղամարդկանց և կանանց համար:

Եգիպտացիներն այսօր 498 թեկնածուներից 168 պատգամավոր կընտրեն, որոնք կձևավորեն խորհրդարանի նոր ստորին պալատը: Սա ընտրությունների առաջին փուլն է: Վերջնականապես երկպալատանի խորհրդարանը կձևավորվի մինչև մարտ:

Նշենք, որ պայքարի մեջ են մտել ավելի քան 50 կուսակցություններ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Եգիպտոսի կենտրոնական Թահրիր հրապարակում կրկին բախումներ էին սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Եգիպտոսի բնակչությունը պահանջում էր, որպեսզի զինված ուժերը, այդ թվում` գեներալներն ու հրամանատարները, վայր դնեն իրենց լիազորությունները և իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կոալիցիային: Վերջին օրերի բախումներ արդյունքում ավելի քան 4 տասնյակ մարդ զոհվեց, ևս 4000-ը վիրավոր են: