Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Թուրքիայի հետ բանակցությունների բարդացման պայմաններում Ադրբեջանը մտադիր է ամենայն լրջությամբ իրականացնել դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը` գազի արտահանման հարցում Անկարայից իր կախվածությունը նվազեցնելու նպատակով: Այս մասին «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում գրում է Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտման կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը:
Փորձագետի կարծիքով` այն ժամանակ Բաքուն լուրջ պատճառներ ուներ Թուրքիային շրջանցելու այլընտրանքային ճանապարհներ գտնելու համար: Դաշնակիցների հարաբերություններում հակասությունների պատճառներից մեկը եղավ հայ-թուրքական սահմանը բացելու Անկարայի մտադրությունը:
«Բաքվում Թուրքիայի ծրագրերը որպես դավաճանություն էին գնահատվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս լուծված չէ Ղարաբաղյան հիմնախնդիրը: Այս պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը հումքի արտահանման համար սկսել էր ակտիվորեն այլընտրանքային ճանապարհներ փնտրել»,- գրում է Պրտինչինը:
Նախատեսվում էր, որ գազը երկրից արտահանվելու է առնվազն երեք ուղղություններով` Իրան, Ռուսաստան, ինչպես նաև Սևոծովյան վրաստանյան ափին գտնվող տարմինալով դեպի Ռումինիա և Բուլղարիա: Այժմ իրավիճակը, փորձագետի կարծիքով, փոխվել է, և բոլոր այլընտրանքային ճանապարհների մասին ծրագրերը, ամենայն հավանականությամբ, չեղյալ կհայտարարվեն: Այսպես, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ աճող լարվածության պայմաններում գազի ծավալի արտահանման չափերի ավելացումը լի է քաղաքական վտանգներով, այդ իսկ պատճառով իրանական ուղղությունը առաջիկայում չի զարգանա:
Ինչ վերաբերում է գազի արտահանման ռուսաստանյան ուղղությանը, Պրիտչինի կարծիքով, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները չեն սահմանափակվում նավթային և գազային ոլորտների շրջանակով:
«Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ և Ադրբեջանի ու Հայաստանի դաշնակից քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, իհարկե, դեռևս առանց որևէ հաջողության: Համագործակցություն է ընթանում ռազմական ոլորտում, Ռուսաստանը վարձակալում է Գաբալայում գտնվող ռադիոտեղայնացման կայանը: Ներկայումս բանակցություններ են ընթանում վարձակալման մասին պայմանագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրանում է 2012 թվականի վերջին: Ակտիվորեն զարգանում է տնտեսական համագործակցությունը, նախորդ տարվա ճգնաժամից հետո ապրանքաշրջանառությունը հասել է 2 մլրդ դոլարի:
Հատկապես էներգետիկ ոլորտի համագործակցությունը վերջին մի քանի տարիներին հատուկ դինամիկա է հաղորդում հարաբերություններին:
Թվում էր, որ գազի արտահանման հարցում ռուսաստանյան ուղղությունը կարող է դառնալ, եթե ոչ հավասարազոր եվրոպականին, ապա առնվազն Բաքվի համար կարևորագույններից մեկը: Այժմ իրավիճակը փոխվում է»,-կարծում է Պրիտչինը:
Նրա խոսքով` այսօր Ռուսաստանը ակնհայտորեն պարտվում է ադրբեջանական գազի մրցավազքում, չնայած նրան, որ պատրաստ է վճարել դրա համար ամենաբարձր գինը Բաքվի հաճախորդների թվում: