Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Վրաստանի նախագահի նստավայրում այսօր Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն:
Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: