Նորվեգացի հոգեբույժները զեկույց են ներկայացրել Օսլոյի դատախազության գրասենյակ, որը պետք է պարզի` արդյոք Անդերս Բերինգ Բրեյվիկը ահաբեկչություններն իրականացնելու պահին հոգեպես հավասարակշիռ վիճակում էր գտնվում, հայտնում է BBC-ն:
Բժիշկների 230 էջանոց զեկույցը հիմնված է Բրեյվիկի հետ անցկացրած 13 զրույցների վրա:
Այն կորոշի` արդյոք Բրեյվիկը կարող է ապրիլի 16-ին` դատական նիստի ժամանակ, օգտագործել հոգեկան խանգարման փաստը որպես պաշտպանություն:
Նշենք, որ ավելի վաղ Բրեյվիկը խոստովանել էր, որ Ուտոյա կղզում և Օսլոյում տեղի ունեցած հարձակումների հեղինակն ինքն է, սակայն իրեն մեղավոր չէր ճանաչել ահաբեկչության իրականացման մեջ` նշելով, որ դա «անհրաժեշտ» էր Նորվեգիան և Եվրոպան մահմեդականությունից և բազմամշակութայնությունից փրկելու համար:
Դատախազի գրասենյակը ավելի ուշ կհրապարակի հոգեբույժների զեկույցը:
Հիշեցնենք, որ Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների հետևանքով 77 մարդ զոհվեց, որոնց մեծ մասը դեռահասներ էին: