Հնարավոր է` առաջիկայում որոշում կայացվի մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին: Նա տառապում է աղիքային անանցանելիությամբ:
Ինչպես «Հայկական ժամանակին» փոխանցել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի բանտարկյալին հետազոտում են տեղի բժիշկները: «Ստուգում են, թե ինչքանով է բարդացած: Բժիշկների հետազոտությունից հետո պարզ կլինի` կտեղափոխեն հիվանդանոց, թե ոչ: Բայց խնդիրը լուրջ է, և այդ հետազոտությունից հետո մենք կխնդրենք նրան այլ հիվանդանոց տեղափոխել»,- ասել է փաստաբանը:
Դեկտեմբերի 17-ին լրանում է ժամկետը, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է բողոքարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կասի՝ բողոքով դիմելո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՝ ոչ: Երեկ նա ասաց, որ որոշվել է առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնել: