Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողությանը:
Թբիլիսիում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերել են Վրաստանում հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջև սահմանային անցակետերի գործունեության բարելավմանն ու այլ խնդիրների:
Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ այսօր մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:
ՀՀ նախագահը խոսել է Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների, տնտեսության առաջնահերթ ուղղությունների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ընթացքում երկրի տնտեսության մեջ որոշ ոլորտներում արձանագրված դրական ցուցանիշների և դեռևս առկա խնդիրների մասին: «Ես հպարտ եմ, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, և այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերություններն այդ հանգամանքին ուշադրություն են դարձնում և Հայաստանում ներդրումներ են կատարում, մեզ, իհարկե, ուրախացնում և մեծ հույսեր է ներշնչում»,- ասել է Սերժ Սարգսյանը: