Հոգեորսությունը իրավաբանական տերմին չէ, և Հայաստանում չկա օրենք, ըստ որի հոգեորսությունը կարող է պատժելի համարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քահանա Տեր Եսայի Արթենյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող մեր եկեղեցու տարածքը առավել հագեցած է աղանդավորներով ու աղանդավորական կազմակերպությունների կենտրոններով,ի դեպ` մեկը մյուսից ագրեսիվ ու վտանգավոր, ես պատահական չեմ համարում, որ եկեղեցու չորսբոլորը հանգրվանած տարբեր կրոնական կազմակերպությունները մտածված են գնացել այս քայլին` ընտրելով հենց եկեղեցուն ամենամոտ վայրերը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը` 6 ամսվա ազատազարկման դատապարտել «Եհովայի վկա» կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանին, ով մեղավոր է ճանաչվել «հոգևորականին վիրավորելու, սպառնալու և եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար», ապա, ըստ քահանայի, սա հրաշալի օրինակ կդառնա բոլոր նրանց համար, ում իրավունքներն անընդհատ խախտվում են տարբեր աղանդավորական կազմակերպությունների կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մալաթիայի եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանն արգելել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու ներկայացուցիչներ` Անդրանիկ Մակվեցյանին և Սամվել Գրիգորյանին, քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում, որից հետո սպառնալիքներ է ստացել նրանցից:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը Մակվեցյանի պատժաչափը բավարար չի համարել:
«Նման արաքի համար վեց ամիսը բավարար չէ, պետք է այս օրինակով ազդել մյուսների վրա, հասկացնել, որ պետք է հարգանք ունենալ օրենքի ու բոլոր նրանց նկատմամբ, ում հանդեպ բռնություն է իրականացվել»,- ասել է նա: