ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։ Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։ Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին թերթը հարցրել է, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և համապատասխան արձագանք կտանք»։
«Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան» թեթի հարցին Մհերյանը արձագանքեց. «Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետեւություններ անել, բայց մենք ուշադիր հետևում ենք, եւ երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։
Ըստ Մհերյանի, իրենք սպասում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը Հայաստանում կլինի, ըստ ամենայնի, այսօր, գրում է «Հայկական ժամանակը»: