Երեկ Արմավիր մարզի Ջանֆիդա գյուղում, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Համագյուղացիների վկայությամբ` եղել է 2-3 կրակոց, հայտնում է «Երկիր» օրաթերթը:
Հարևանների խոսքով` իրենք միայն լսել են երկու արագ սլացող մեքենայի ձայներ և ավտոմատի կրակոցներ: Ոստիկանությունը, այցելելով Ջանֆիդա, բացատրություն է վերցրել նաև գյուղապետ Էդիկ Մուրադյանից, որը նույնպես լսել է գյուղամիջում արձակված կրակոցների ձայները:
Համագյուղացիները ենթադրում են, որ կրակողները եղել են ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի կողմնակիցները:
«Երկիրը» նշում է, որ Գևորգյանի և Գասպարյանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը տարիների պատմություն ունի, և այն հաճախ հանգեցրել է նման բախումների: Ներկա պահին Ռուստամ Գասպարյանը բացակայում է հանրապետությունից: Ոստիկանության հաղորդմամբ` տուժածներ չկան: