Այս տարվա առաջին 9 ամիսներին օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները Հայաստանում իրականացրել են ավելի քան 55 միլիոն դոլարի ներդրում, որը Հայաստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ավելի քան 10 տոկոսն է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը ընդգծում է, որ այս ցուցանիշը բավական մտահոգիչ է, հատկապես եթե հաշվի առնել, որ անցած տարվա համեմատ օֆշորներից եկած ներդրումներն աճել են մոտ յոթ անգամ:
«Խնդիրն այն է, որ օֆշորներից գալիս են այնպիսի ներդրումներ, որոնց պատկանելությունը և ծագումը անհրաժեշտ է գաղտնի պահել: Այսինքն` դրանք ոչ օրինական ձևով ստացված եկամուտներ են: Հատկանշական է, որ օֆշորներից եկած ներդրումներից 31 միլիոնը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ, որտեղ ապահովում են գերշահույթներ: Ընդհանրապես այս տարի հանքարդյունաբերությունը «խժռել» է օտարերկրյա ներդրումների մոտ 24 տոկոսը: Իսկ դա տնտեսության ճյուղային կենտրոնացման չափազանց վտանգավոր միտում է», – գրում է թերթը: