ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հակամարտությունը տեղափոխվել է սոցիալական ցանցերի ոլորտ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա մեղադրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի վաճառքի գործարքն իրականացնելու ժամանակ 31 միլիոն դոլար յուրացման մեջ, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից գրված փաստաթուղթ է ներկայացրել, որը վարչապետին ուղղված հարցերի շարք է պարունակում:
Այժմ հեռակա պայքարին միացել է ՀՀ Նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը տեղեկացրել է, որ ինքն իր սեփական պատին մի անեկդոտ է գրել, որին Արսեն Բաբայանը արձագանքել է` վիրավորելով ՀՌԱԿ ատենապետին:
«Մի հատ անեկդոտ ինձ պատմեցին, գրել էի ֆեյսբուքում, որ Չեբուռաշկան, Սայաթ-Նովան, մեկ էլ Տիգրան Սարգսյանը ճամփա են գնում.. անեկդոտ, որը կարիք ունի շարունակելու, հիմա մարդ եմ, ես էլ Ֆեյսբուքում տենց բաներ եմ գրում, դուրս գալիս ա: Ինքը գրեց, որ ձեր մասին լուրջ կարծիք ունեի:
Ջնջեցի, գրեց` ես ավելի լուրջ կարծիք ունեի, ասացի` լավ փակեմ, որ չհայհոյեմ, դրանից հետո անցնում է վիրավորանքների», – պատմել է Առաքելյանը և այդ պահին համակարգչով լրագրողներին ցույց է տվել, թե ինչ է գրել Բաբայանը.
«Անեկդոտ, որ կարիք ունի շարունակության… Մի անգամ Չեբուռաշկան, Սայաթ-Նովան և Տիգրան Սարգսյանը ճամփա են գնում… Չափից դուրս տափակ է, չէ՞։ Այս տողերի հեղինակը 40-ն անց տղամարդ է, իրեն համարում է քաղաքական գործիչ։ Դե պատկերացրեք…»:
Լրագրողների այն հարցին, թե Բաբայանն ինչ կապ ունի այս ամենի հետ, Առաքելյանը պատասխանել է, որ ՀՌԱԿ երկու համագումարները, որոնց ժամանակ ինքն ընտրվել է նախագահ, մերժել է գրանցել հենց Արսեն Բաբայանը, որին հանձնարարված էր իրականացնել ՀՌԱԿ 20-րդ համագումարի վարույթը:
«Ու այդ մարդը ինձ հայհոյում է, իմ հանդեպ վիրավորական բաներ է ներկայացնում: Ես բացարկ եմ հայտնել այդ մարդուն»,- ասել է ՀՌԱԿ ատենապետը: