Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ դատական նիստը:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել` պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով:
Այսօրվա դատական նիստի ժամանակ, ինչպես և նախորդ դատական նիստին, քննիչները չեն ներկայացել, և իրենց չներկայանալը պատճառաբանել են ծանրաբեռնված լինելով: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանում ասել է, որ խախտվել է Մուրադյանի կյանքի իրավունքը և իրականացվում է ոչ արդյունավետ քննություն և իրենք ցանկանում են հարցեր ուղղել քննիչներին: Դատավոր Արմեն Խաչատրյանն էլ ասել է, որ Սաֆարյանը պետքո է գրավոր ուղի հարցերը, նրանք էլ գրավոր պատասխանեն:
Սաֆարյանը դատավորին հիշեցրել է, որ իրենք արդեն գրավոր գրել են իրենց բողոքը: Ի պատասխան` դատավորն առաջարկել է Սաֆարյանին գրավոր միջնորդություն ներկայացնել` նշելով, թե որ մասով են թերացել քննիչները:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին, ժամը 17.35-ին:
Լուսանկարը` Արման Վեզիրյանի