«Եթե քո զենքը ճշմարտությունն է, եթե դու ազնիվ ես, ոչ մի ուժ, ոչ մի սափրագլուխ չի կարա ազդի քո վրա», – «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է հումորիստ, շոումեն Հովհաննես Ազոյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին` արդյոք նրա վրա թանկ չի նստել մայիսին «Արմենիա» հեռուստատեսության եթերից «քաղբանտարկյալ», «Նիկոլ Փաշինյան» բառերը արտասանելն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` քաղբանտարկյալներին համաներում շնորհելու քայլը ողջունելը:
«Ես դա չարեցի, որ ապացուցեմ` ես չեմ վախենում, որովհետև, եթե ապացուցելու լինեի, դա ավելի շուտ կանեի կամ ավելի շատ կանեի: Հետո պիտի մի քիչ զուսպ լինես ու քո կարծիքով չխանգարես պրոցեսներին: Ես այդ օրը եթերում, որ ասեցի էդ ամեն ինչը, ես իսկապես շնորհավորում էի մեր նախագահին, որովհետև ինձ դուր եկավ դա, և ես դրանով փորձեցի ոգևորել ու ցույց տալ նրան, որ նույն «Լորիսը» կամ «Նահապետը» կարա գա եթեր ու անալիզ արած դա ասի իրեն, այսինքն լսող կա, նայող կա, հետևող կա` դա ես եմ», – ասել է հումորիստը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե շատերից հաշվեհարդար են տեսել այս կամ այն կերպ, որքան էլ որ նրա զենքը ճշմարտությունն է եղել, Ազոյանը վստահություն է հայտնել, որ նման մարդիկ անզուսպ են պայքարում և որ պայքարը վիրավորանքի է հասնում:
«Իսկ պայքարը վիրավորանք չի, դա բանակցություն է, պետք ա քո ճշմարտությունը, միտքը հասցնես մյուսին: Ոչ թե փաթաթես իրա վզին, այլ հասկացնես: Այ դրա համար իրար չեն հասկանում ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, որովհետև անընդհատ վիրավորանքների վրա ա գնում, որն էլ վերնագրվում ա քաղաքականություն»,-ընդգծել է հումորիստը:
Խոսելով քաղաքացիական ակտիվության մասին, շոումենը նշել է, որ շատ կարևոր է, գործել, միաժամանկ ասելով, որ կարևոր է նաև, որ դա ինքնագործունեության չվերածվի, «այսինքն չխանգարես»:
«Եթե ես գնամ հանրահավաքի, ես կարող ա շեղեմ մարդկանց Լևոն Տեր-Պետրոսյանից, դրա համար չեմ գնում ու հանրահավաքներին հետևում եմ ինտերնետով», – ասել է հումորիստը:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Ազոյանն իր անձով կարող է շեղել Լևոն Տեր-Պետրոսյանից, շոումենն ասել է. «Իհարկե, չես կարող շեղել քո անձի կարևորությամբ: Եթե էս երկրում ինչ-որ մեկի խոսքն արժեք ունի, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է ու Սերժ Սարգսյանը, ուրիշ խոսք Հայաստանում ինձ համար, կներեք անարժեք ա, սկսած իմ խոսքից մինչև մտավորականների կամ չակերտավոր մտավորականների»: