1941 թվականի դեկտեմբերի 2-ին` ուղիղ 70 տարի առաջ, ուղևորա- և բեռնատարափոխադրման «Իոսիֆ Ստալին» նավը պայթել է ծովային ականների վրա և խորտակվել Բալթիկ Ծովում` Էստոնիայի ափերից ոչ շատ հեռու:
«Խորհրդային «Տիտանիկի» պատմությունը գաղտնի էր պահվում մինչ մեր օրերը: Այն պահվում էր ռազմածովային նավատորմի արխիվներում, իսկ այժմ դրա վրայից հանվել է «Խիստ Գաղտնի» գրիֆը»,-գրում է իտալական La Repubblica-ն:
Հոդվածում նշվում է, որ «Իոսիֆ Ստալին» զբոսանավի խորտակվելու պատմությունը դաժան է և մութ: Ողբերգության հետևանքով 3849 մարդ է զոհվել, երկու անգամ ավելի, քանի բրիտանական նավի խորտակման ժամանակ: Զոհերի թվում էին Կարմիր բանակի նորակոչիկներն ու Խանկո կղզուց տարհանված բազմաթիվ ընտանիքներ:
Նավը կառուցվել էր 1939 թվականին Նիդերլանդներում Ստալինի անմիջական կարգադրությամբ, և նախատեսված էր ճանապարհորդությունների համար: Սակայն 1941 թվականին Խորհրդային իշխանություններին հայտնեցին ֆիննական Խանկո կղզու կայազորից մարդկանց տարհանման անհրաժեշտության մասին, քանի որ կղզին շուտով կարող էր հայտնվել նացիստական ուժերի ձեռքում:
Նավը Խանկոյի նավահանգստից դուրս եկավ 5589 ուղևորներով: Այն գերբեռնված էր: «Ստալինին» ուղեկցում էին սակրավորներն ու ռազմական նավեր:
Սակայն այնպես էր ստացվել, որ նավի կապիտան Նիկոլայ Ստեպանովը ծովայիններից չէր ստացել խորհրդային ականապատ տարածքների քարտեզը: Արդյունքում ռազմական նավերը շրջանցեցին վտանգավոր տարածքները, իսկ «Ստալինը»` ոչ:
«Առաջին պայթյունը տեղի էր ունեցել կեսգիշերին: 4-րդ պայթյունից հետո նավը կորցրել էր կառավարումը:
Ֆիննական ծոցում հազարավոր մարդիկ փրկություն էին փնտրում, սակայն սառնամանիքը սպանում էր նրանց մեկը մյուսի հետևից: Ստալինի հրամանի համաձայն, ծովակալները փորձում էին գտնել և խորհրդային նավահանգստին մոտեցնել վնասված նավը, սակայն դեկտեմբերի 5-ին «Ստալինը» ծանծաղուտում էր հայտնվել: Նրանք, ովքեր դեռ մնացել էին նավի վրա, բռնվել էին նացիստական ուժերի կողմից և ուղարկել համակենտրոնացման ճամբար»,-գրում է հոդվածի հեղինակը:
Հայտնի է, որ կապիտան Ստեպանովը գերմանական համակենտրոնացման ճամբարում էր հայտնվել Տալլինում: 3 տարի անց Էստոնիան ազատագրվել էր Կարմիր բանակի կողմից, և նրան գնդակահարել էին «դավաճանության» համար: