Home / Հայաստան / Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահին ասել են` ինչ են ակնկալում Իսրայելից

Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահին ասել են` ինչ են ակնկալում Իսրայելից

Իսրայելը շատ լավ գիտի` ինչ է անհրաժեշտ անել Թուրքիայի հետ լարվածությունը թուլացնելու համար: Թուրքիա այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ զրույցում  նման հայտարարություն են արել թուրք մի շարք պաշտոնյաներ` նշելով, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից նախորդ տարի Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման ժամանակ 9 թուրքերի սպանության համար:

Ինչպես Hurriyet Daily News-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, տվյալ խնդրի շուրջ Ջո Բայդենը զրուցել է նախագահ Աբդուլա Գյուլի, Խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքական կողմն ասել է ամերիկացիներին, որ նրանք պետք է խոսեն Իսրայելի կառավարության հետ»,- պարբերականի հետ զրույցում ասել է թուրք պաշտոնյան:

Անկարան ակնկալում է, որ Բայդենը այս դիրքորոշումը կփոխանցի ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետային մինչև նրա` 2012 թվականի հունվարին Թուրքիա կատարելիք այցը: Վերջերս Պանետան կոչ էր արել Իսրայելին ճանապարհ փնտրել Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում` կոտրելու համար իր կղզիացվածությունը և պաղեստինցիների հետ նստել «այդ անիծյալ» բանակցությունների սեղանի շուրջ:

Պաշտոնական Անկարան հավատում է, որ Վաշինգթոնը պարտավոր է հավելյալ ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս խնդրի շուրջ դրական որոշում ընդունի:

Լուսանկարը` boston.com