Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի կողմնակիցները հայտարարել են իրենց «ընտրված նախագահի» երդման արարողության օրն ու ժամը: Ջիոևայի համակիրները չեն ցանկանում ընդունել Ցխինվալիի Գերագույն դատարանի` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին որոշումը:
«Հարավային Օսիայի ժողովուրդը քվեարկել է Ջիոևայի օգտին, այդ իսկ պատճառով, մենք երդման արարողության օր ենք նշանակում, այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` 14:00-ին»,- ասել է նախընտրական շտաբի ղեկավար Միխայիլ Խանիկաևը` ելույթ ունենալով Ցխինվալիում դեկտեմբերի 4-ին կայացած հանրահավաքին: Նա չի հստակեցրել, թե երբ և որտեղ է տեղի ունենալու երդման արարողությունը:
Ավելի վաղ նա հայտնել էր «ՌԻԱ Նովոստիին», որ երդման արարողությունը պետք է անցկացվի Ցխինվալիի հրապարակներից մեկում, որտեղ կարող են հավաքվել Ջիոևայի ավելի քան 10,000 համակիրներ:
Կիրակի հանրահավաքի մասնակիցները նաև դիմել էին միջազգային հանրությանը և պահանջել միջամտել իրավիճակին:
«Հաշվի առնելով այն, որ քաղաքական ճգնաժամը կարող է ապակայունացնել իրավիճակը ողջ Կովկասում, մենք խնդրում ենք ձեզ անմիջապես միջամտել` իրավիճակի կայունացման և սահմանադրական կարգի վերահաստատման համար»,-ասված է ՄԱԿ-ին, եվրախորհրդարանին և մի շարք երկրների ղեկավարություններին ուղղված դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ Ալլա Ջիոևան նախագահական ընտրությունների արդյունքում դուրս էր եկել երկրորդ փուլ` դեմ դուրս գալով իշխանությունների թեկնածու Անատոլի Բիբիլովին: Նախնական տվյալների համաձայն` Ջիոևան հաղթում էր:
Սակայն հանրապետության Գերագույն դատարանը, որին դիմել էր Բիբիլովը, չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները` փաստելով, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել:
Ընդդիմության թեկնածուն դրանից հետո հայտարարել էր, որ ինքն իրեն ընտրված նախագահ է համարում և չի պատրաստվում զիջել իր հաղթանակը: