Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրել է հայկական «Ռեմբոյին», ով հավանում է Սերժ Սարգսյանին

Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրել է հայկական «Ռեմբոյին», ով հավանում է Սերժ Սարգսյանին

Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բարձր էր մինչև երկրորդ անգամ քաղաքականություն վերադառնալը: Այս մասին Վարդանյանը ասել է «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում` նշելով, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանն իր համար առաջին նախագահ էր:

«Հիմա այլևս չեմ վստահում նրան, Սերժ Սարգսյանը կարողանում է թե’ արտաքին քաղաքականությամբ, թե’ ներքին քաղաքականությամբ լավ կառավարել երկիրը, իսկ հասարակության վատ կենսապայմանները, օրենքի բացակայությունն արդեն մենք` քաղաքացիներս, պետք է լուծենք», – ասել է Վարդանյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ այժմ ինքը անվտանգության համակարգում չի աշխատում, Վարդանյանը պատմել է, որ սկզբում եղել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը: Հետո աշխատել է որպես հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա 10 տարի էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է Ազգային անվտանգությունում: Վարդանյանը բացատրել է, որ այժմ` Սերժ Սարգսյանի օրոք, ինքը համակարգում չէ, քանի որ պետք է «Ճակատագիր» ֆիլմը նկարահաներ, որը, ըստ Վարդանյանի, շատ ժամանակատար է և ինքը չէր կարող լինել և’ նկարահանման հրապարակում, և’ համակարգում:

«Դիմում եմ գրել, իմ դիմումի համաձայն խնդրել եմ ինձ ազատեն: Ինչ վերաբերում է մեր նախագահ Սերժ Սարգսյանին, ես միշտ իր կողքին եմ, շատ եմ հավանում մեր նախագահին, պատրաստ եմ ամեն պահի էլ աջակցել», – ասել է նա:

Վարդանյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ չաշխատեց, թեև մինչ այդ զբաղեցնում էր Կարապետյանին նախորդող Գագիկ Բեգլարյանի խորհրդականի պաշտոնը`սպորտի մշակույթի և երիտասարդության հարցերով:

«Ես եկա Գագիկ Բեգլարյանի կողքը կանգնեցի, որովհետև լսում էի ինչ է ասում, հավատում էի նրան: Ես գիտեմ` նա աշխատելու համար էր եկել, մեր նպատակը մեկն էր` գործ անել մեր քաղաքի համար: Ես իմ անունը դրեցի Հանրապետական կուսակցությունում և մտա քաղաքականություն: Պետք է համակարգեի սպորտային օջախները, պետք է ստեղծվեին սպորտկոմիտեներ: Այստեղ կարևորն իմ անունն է, այն ամեն ինչից թանկ է ինձ համար:

Շատ մեծ պետական գումարներ, որ առանձին առանձին տրվում էին սպորտդպրոցներին, փոշիացվում էին, ես փաստեր էլ ունեմ: Ես չէի ուզում, որ նման բաներ կատարվեն սպորտի անվան տակ: Ես կազմեցի ծրագիրը, կոորդինացրի: Հետո ԱՄՆ գնացի, ոտքս կոտրվել էր: Երբ եկա, արդեն Գագիկ Բեգլարյանն էլ քաղաքապետ չէր, ես էլ հրաժարական տվեցի», – պատմել է Վարդանյանը:

Նա խոսել է նաև իր «Վրիժառու» ֆիլմից, որը, ինչպես նշել է լրագրողը, վերջին շրջանում քննադատության է արժանացել. «Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, բայց միայն` առողջ քննադատություններին: Իսկ չկայացած մարդկանց, հարբեցող մարդկանց ու նման կատեգորիաների քննադատություններին աշխատում եմ ուշադրություն չդարձնել:

Ես և իմ ամբողջ թիմը պետական մտածելակերպով մարդիկ ենք, մեր նպատակն է ժողովրդի մեջ սերմանել առողջ մտածելակերպը: Մենք դեմ ենք կրիմինալին, դեմ ենք գողականին: Մենք ուզում ենք, որ երեխաները հարգեն ոստիկանին, պետական մարդուն, զինվորի կերպարը: Մեր ֆիլմում միշտ կրիմինալը պատժվում է: Ճիշտ է, «Վրիժառուի» մեջ կան գողական կերպարներ, որ մի փոքր ռոմանտիկացվել են, բայց դա չի նշանակում, թե նրանց ենք պրոպագանդա անում», – ասել է Գոռ Վարդանյանը:

Այն հարցին` ինչու է ֆիլմի գլխավոր հերոսի անունը Գոռ Վարդանյան, և ինչու է հենց ինքը կերտում այդ կերպարը, նա նշել է. «Նախ ամենասկզբից ես նպատակ չեմ ունեցել լինել սուպեր-սուպեր դերասան: Ես անում եմ աշխատանք, և մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար` Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ»:

Լուսանկարը` armeniatv.am