Նոյեմբերի 28-ին ձերբակալված բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեի նկատմամբ առաջադրված մեղադրանքն այսօր մասամբ փոխվել է: Եթե առաջ նրան մեղադրում էին 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 2-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով), ապա այժմ նրան մեղադրում են 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) կետերի հատկանիշներով:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը:
«Իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի երրորդ մասի 1-ին կետով: Լյուկի դեմ ցուցմունք տվել է փոխտնօրենը, ով սկզբում գրել է, որ նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և կոտրել է Սերժ Սարգսյանի նկարի ապակին, և դրան ներկա են եղել աշակերտները, իսկ երբ մենք ասել ենք, որ ֆրանսերեն լեզվում հայհոյանքներ չկան, նրանք մեղադրանքը փոխել են և գրել, թե Լյուկն իր սեռական օրգաններին ձեռք տալով է վիրավորել իրենց, ինչը, բնականաբար, չի եղել», – ասել է Վարդանյանը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Գայանե Վարդանյանը, ով Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, ներկայացրել էր նոյեմբերի 28-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
Նրա խոսքով` իրենց զանգահարել էր իր դստեր համադասարանցիներից մեկի ծնողը և տեղեկացրել, որ դպրոցում (աղջիկը սովորում է թիվ 94 դպրոցում) ջեռուցման համար 3000-ական դրամ գումար են հավաքում:
Ամուսինները գնացել են դպրոց` պարզելու, թե ինչու պետք է ջեռուցման համար գումար վճարեն:
Վարդանյանի փոխացմամբ` ջեռուցման խնդրի վերաբերյալ փոխտնօրենի ու մի քանի ուսուցիչների հետ լեզվակռիվ է սկսվել, և այդ պահին, Վարդանյանի պնդմամբ, իր ամուսինը պատահաբար դիպել է պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարին, որն ընկել է պատից, և դրա ապակին կոտրվել է: Դրանից հետո Վադեվալեին ձերբակալել էին խուլիգանության մեղադրանքով, իսկ նոյեմբերի 30-ին բաց էին թողել:
Վարդանյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ դպրոցում այսօր դարձյալ ջեռուցում չի եղել, և երբ ինքը զանգահարել է Կրթության նախարարություն և տեղյակ պահել այդ մասին, մեկ ժամ անց դպրոցը սկսվել է ջեռուցվել: