Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բացասաբար է վերաբերում Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող զարգացումներին 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ քաղաքականությունը դարձել է միջոցների գնահատում, այնինչ այն պետք է լինի գաղափարական:
«Բոլորս խաչ ենք կրում, բայց ոչ ոք արդարության չի ձգտում: Ով փող ունի, ով լկտի ա կարողանում ա ամեն ինչի հասնի: Սակայն պիտի ուժով ու փողով չորոշվի ամեն ինչ», – ասել է քաղաքական գործիչը:
Տիգրան Կարապետյանը հավատում է, որ իր կուակցությունն այլընտրանքային է ներքին քաղաքական դաշտում, ու ինքը կգտնի արդար մարդկանց, ովքեր դեռ կան, և ովքեր իրեն կսատարեն խորհրդարանական գալիք ընտրություններին:
Նրա խոսքով` ինքը չի պատրատսվում համագործակցել որևէ քաղաքական ուժի հետ:
Կարապետյանն անդրադարձել է իր և ՀԱԿ-ի համագործակցությանը, որը դեռևս հնարավոր էր համարվում մեկ ամիս առաջ` նշելով, որ այն այլևս իրատեսական չէ, քանի որ ինքը հիասթափվել է ՀԱԿ-ի «վերջին հանրահավաքների շոուներից»: Նրա խոսքով` ինքը ցանկանում էր սատարել ՀԱԿ-ին, սակայն այժմ նման ցանկություն չունի:
Նա նաև խոսել է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցության հնարավորության մասին` ընդգծելով, որ արմատական ընդդիմությունը չի կարող համագործակցել իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցության հետ, և եթե նման առաջարկություն կա, ուրեմն դա նույնն է, ինչ Սերժ Սարգսյանին համագործակցություն առաջարկելը: