Դեկտեմբերի 6-ին «Միկա» մարզային համալիրի փակ դահլիճում տեղի ունեցան «Ֆուտբոլ` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները:
Հանդիպումներից երկուսում ֆավորիտները հեշտ հաղթանակներ տարան` նախորդ մրցաշարի փոխչեմպիոնը` «Մեդիամաքսը» 5:1 հաշվով հաղթեց «Օրդֆիլմին», իսկ «Երկիր մեդիան» 8:0 հաշվով առավելության հասավ «Շախմատ» թիմի նկատմամբ:
Եվս երկու խաղում պայքար ծավալվեց: Մրցաշարի գործող չեմպիոնը` Epress.am-ը, «Արմենպրեսի» հետ խաղում արագ առաջ անցավ հաշվի մեջ 3:0, սակայն հետագայում երկու գնդակ բաց թողեց, և այդ պահից ի վեր դաշտում լարված պայքար ծավալվեց:
Երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն հանդիպման սկզբում ստացած առավելությունն օգնեց Epress.am-ին վերջնական հաղթանակի հասնել` 5:4:
Եվս մեկ խաղում «Արևածաղիկ» ամսագրի թիմը, որը նախորդ տարի կիսաեզրափակիչ էր դուրս եկել, լարված պայքարում զիջեց «Չորրորդ իշխանություն» թիմին` 4:6 հաշվով:
Վաղը կայանալիք կիսաեզրափակիչներում Epress.am-ը կխաղա «Երկիր մեդիայի», իսկ «Մեդիամաքսը»` «Չորրորդ իշխանության հետ»:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին: