Կրեմլը բացատրել է, թե ինչու է Մեդվեդևի Twitter միկրոբլոգում ցենզուրայից դուրս արտահայտություն հայտնվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` դա պայմանավորված է աշխատակցի սխալով: Հիշեցնենք, որ նախագահի կողմնակիցների հասարակական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Ռիկովի` Twitter-ում թողած հաղորդագրությունը, որն ավելի ուշ արտատպվել էր Մեդվեդևի միկրոբլոգում, ոչ պատշաճ արտահայտություն էր պարունակում:
Արտատպված հաղորդագրությունը Մեդվեդևի էջում մնացել էր ընդամենը մի քանի րոպե, բայց բլոգերները հասցրել էին պատճենել այն և տարածել համացանցում:
«Այսօր գիշեր Դմիտրի Մեդվեդևի թվիթեր միկրոբլոգում ոչ կոռեկտ հաղորդագրության արտատպված տարբերակն է հայտնվել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ծածկագրի ծրագրային փոփոխության ժամանակ, բլոգի տեխնիկական հարցերի պատասխանատուն անթույլատրելի կերպով մտել է @MedvedevRussia էջ: Մեղավորները կպատժվեն»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: