Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ:
Նիստում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Այնուհետև ներկայացվել և քննարկվել է խնայբանկի ավանդների վերադարձի հետ կապված` Կոնգրեսի հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել համապատասխան հարցապնդումով դիմել ֆինանսների նախարարությանը:
Քննարկվել են նաև ընտրությունները թափանցիկ և օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները:
Դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Կոնգրեսի քաղխորհուրդը քննարկել է նաև աղետի գոտում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն, որ հակառակ իշխանությունների` դեռ 13 տարի առաջ տված խոստումների, 6300 ընտանիք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, մինչդեռ տեղական իշխանությունները, թաղված կոռուպցիայի և ապօրինությունների մեջ, բոլորի աչքի առաջ վարում են շվայտ կյանք:
Քաղխորհուրդը հանձնարարել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին սեղմ ժամկետում մշակել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր, ասված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ: