Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակում կրկին ոստիկանական ուժեր, ներքին զորքերի ստորաբաժանումներ և հատուկ տեխնիկա են մտցրել:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակիցը, երթևեկությունը դեռևս չի դադարեցվել, թեև հետիոտների համար նախատեսված հատվածը շրջափակման մեջ է:
Հիշեցնենք, որ նախօրեին Տրիումֆալնի հրապարակում ուժայինները ցրեցին Ռուսաստանի խորհրդարանական կեղծված ընտրությունների դեմ բողոքի ակցիան: Ոստիկանների գործողություններն ուղեկցվեցին բազմաթիվ ձերբակալություններով:
Նշենք, որ շաբաթ օրը` դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Մոսկվայի կենտրոնում`Հեղափոխության հրապարակում, «հակապուտինյան հանրահավաք» է լինելու: Այն կանցկացվի «Ոչ բռնապետությանը», «Չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունների արդյունքները», «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսների ներքո: Հանրահավաքը միավորում է տարբեր ընդդիմադիր կուսակցական ուժերի` սկսած լիբերալներից, վերջացրած ռուս ազգայնականներով և անարխիստներով:
Խորհրդային միության նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչյովը նույնպես միացել է ընդդիմադիրների կոչերին և առաջարկում է կրկին ընտրություններ կազմակերպել:
Ազգայնականների կողմից հանրահավաքի համակարգողի դերում հանդես կգա «Ռուսական պլատֆորմ» հասարակական քաղաքական միավորումը, որը մտադիր է 10 հազար համակիրներ դուրս բերել հանրահավաքի:
Հանրահավաքն արտոնված է Մոսկվայի իշխանությունների կողմից:
Լուսանկարը` Իլյա Վարլամով