Չիլիի քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Սեբաստյան Պիներային երկուշաբթի Մեքսիկայում կայացած պետական հանդիպման ժամանակ հնչեցրած «սեքսիստական հումորի» համար:
Նախագահ Պիներան հանդիպման ավարտին հռետորական հարց է ուղղել հավաքվածներին. «Գիտե՞ք, ինչ տարբերություն կա կնոջ ու քաղաքական գործչի միջև», այնուհետև շարունակել է. «Երբ քաղաքական գործիչը ասում է «այո» , նա նկատի ունի` «միգուցե», երբ նա ասում է «միգուցե», նա նկատի ունի` «ոչ» և եթե նա ասում է «ոչ», նա քաղաքական գործիչ չէ»:
Նույն տրամաբանությամբ նախագահը շարունակել է հումորը. «Երբ կինն ասում է «ոչ», նա նկատի ունի` «միգուցե», երբ նա ասում է «միգուցե», նա նկատի ունի «այո», և եթե նա ասում է «այո», ուրեմն նա կին չէ»: Դահլիճում ծիծաղ է հնչել:
Սակայն որոշ քաղաքական գործիչներ և հատկապես ընդդիմադիր գործիչ Խիմենա Ռինկոնը վրդովված են նախագահի հումորից: Սենատոր Ռինկոնը հայտարարել է, որ նախագահը Չիլիին ամոթով է պատել և կոչ է արել նրան փոխել իր կառավարության հայացքները կանանց նկատմամբ:
«Նմանատիպ դատողությունները վիրավորանք են կանանց համար և խայտառակություն` երկրի համար, գենդերային քաղաքականության հարցում, նրանք մեզ 20 տարով հետ նետեցին»,- ասել է ընդդիմադիր գործիչը: