Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր նամակով դիմել է ՀՀ ֆինանսների նախագահ Վահե Գաբրիելյանին՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիներին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման խնդրին վերաբերող տեղեկատվությանը:
«Հայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաև նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:
Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետևյալ տեղեկությունները.
- ԱՊՀ 1992թ. մարտի 13-ի «Նախկին ԽՍՀՄ ներքին պարտքի սպասարկման սկզբունքների եւ մեխանիզմների մասին» համաձայնագրի կատարման ուղղությամբ ՀՀ ձեռնարկած միջոցառումները,
- նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատուների թիվը, նրանց կողմից ներդրված դրամական միջոցների ընդհանուր գումարը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ,
- ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն որոշման կատարման ընթացքի մասին տվյալներն (ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված ու փոխհատուցված գումարները, փոխհատուցում ստացած ավանդատուների թիվը եւ որոշման կատարումը բնութագրող այլ տվյալներ) ըստ տարիների,
- նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի կողմից տրված 1000 ռուբլիանոց սերտիֆիկատների քանակը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ և դրանց մարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,
- նախկին ԽՍՀՄ պետական ապահովագրության համակարգում ապահովագրված անձանց թիվը, այդ թվում` ապահովագրված անչափահասների թիվը, համապատասխանաբար նրանց համար կատարված ապահովագրավճարների գումարը, վերադարձված ապահովագրական ընդհանուր գումարը և դրանք ստացած ապահովագրվածների թիվը առ 01 հունվարի 1993թ. դրությամբ` ըստ ապահովագրության տեսակների:
Հուսով եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նախատեսված ժամկետում մեզ կներայացնեք պահանջվող տեղեկությունները», – ասված է Լևոն Զուրաբյանի նամակում: