Youtube կայքում «Ռուսաստանյան ժողովրդավարության թաղումը» վերնագրով տեսանյութ է հայտնվել: Այն նկարահանվել է դեկտեմբերի 5-ին Լոնդոնում: Տեսանյութում հուղարկավորության արարողությունների համար նախատեսված սև մեքենայով դագաղը բերվում է Ռուսաստանի դեսպանատան մոտ: Դագաղի մեջ պառկած է մի մարդ` բերանը սև ժապավենով կապված, վրան` կարմիր ծաղիկներ: Այնուհետև դագաղը տեղափոխվում է դրված գերեզմանի հուշատախտակի մոտ, որի վրա անգլերեն և ռուսերեն լեզուներով գրված է «Ռուսաստանյան ժողովրդավարությունը մահացավ երկարատև հիվանդությունից հետո` այդպես էլ գիտակցության չգալով»: Մի խումբ երիտասարդներ դագաղի մոտ սգո երաժշտություն են նվագում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել: Ռուսաստանցիները երկրում և դրանից դուրս պահանջում են կրկին ընտրություններ անցկացնել` վկայակոչելով դրանց կեղծված բնույթը: