Home / Հայաստան / Ռուսաստանը քայլեց դեպի սեր. Հայաստանը դրանից կշահի

Ռուսաստանը քայլեց դեպի սեր. Հայաստանը դրանից կշահի

«Փոքր խորհուրդ» հասարակական-գաղափարական խմբի անդամ, հրապարակախոս, թատերագիր Արա Նեդոլայնը Epress.am-ի խնդրանքով մեկնաբանել է դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա:

«Մարդկության պատմությունը երկդեմ է. մեկը մասնատման, ատելության ու ընկճվածության, պատերազմի և անկման, ֆանատիզմի և մոլորության, ստրկացման և սպանության դեմքն է, որը մինչ այժմ համարվում է դպրոցական պատմության հիմնական բովանդակությունը, երկրորդ դեմքը նույնպես չընդհատվող պատմությունն է, ազատության, հավասարության և եղբայրության, միասնական քաղաքացիական հասարակության ստեղծման փորձը` հիմնված յուրաքանչյուրի ազատության վրա: Դա մարդկանց միավորող սիրո համաշխարհային պատմությունն է, Love history: Որքան մարդատյացներն ատելության ավելի անթերի համակարգ են ստեղծում, ինչպես, օրինակ, ֆրանսիական բացարձակ իշխանություն, քլինթոնյան գլամուրային Ամերիկա, պուտինյան Ռուսաստան, ռոբիկական Հայաստան, ապարտեիդ, լճացման դարաշրջանի խորհրդայնականություն, մերձարևելյան բռնապետություն, այնքան ավելի է անհատի մոտ սրվում ազատության և սիրո ծարավը, որը հանգեցնում է հասարակական համերաշխության, մտքի կենդանացման և գործունեության աճին:

Վերջին շրջանում հասարակական մակարդակի վրա մենք հեղափոխական ռեզոնանս ենք տեսնում, վաղուց հայտարարված և մարդու իրավունքների, հասարակության հեղափոխական շարժումների փորձով էականորեն լրացված նոր հասարակության կառուցման իրական հայտ` հիմնված ոչ թե պատմական ազգային բարդույթների և ցնցումների այս կամ այն ամբողջության, այլ դրանցից ազատագրող ամենակարողության և յուրաքանչյուրի կատարելագործման գաղափարի վրա:

Երկու օր առաջ Ռուսաստանի հասարակությունը նույնպես միացավ պայքարի, փնտրտուքի և արարման ընթացքին: Առաջին անգամ 1991 թվականին Սպիտակ տան պաշտպանության երեք օրերը բավարար չէին, որպեսզի ձեռք բերվեր հանուն ազատության մողվող պայքարի ժամանակակից փորձը, այն ժամանակվա ռուսական հեղափոխության խոսքն անավարտ մնաց, այստեղ էլ ի հայտ եկավ Պուտինը: Այժմ, երկարատև և համազգային պայքարի պայմաններում այդ բացը կլրացվի:

Այդ գործընթացի հետևանքները Հայաստանի համար շատ դրական կլինեն: Նախևառաջ, տեղի կունենա մեր հասարակությունների աճող ազգայնական մասնատման փոխարինում, ռուսաստանյան հասարակությունը մեր անազատության հիմնական գեներատորից կդառնա ազատության կերտման գործում մեր համախոհն ու դաշնակիցը:

Այժմ, հետևելով Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքներին ու ցույցերին մենք ճանաչման ջերմ զգացում ենք ապրում, Facebook-ում ասում են. «Ահա, իսկ սա նրանց Նիկոլն է (ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյան – Epress.am), ահա և նրանց «Միասինը» (Երիտասարդական շարժում, Facebook-ում համեմատում են Наши ռուսաստանյան երիտասարդական շարժման հետ), ահա և նրանց իշխանությունները շտապ որոշել են կառուցապատման աշխատանքներ սկսել Հեղափոխության հրապարակում, ինչպես Հայաստանում` Ազատության հրապարակում:

Ինչպես և մենք, մեր հերթին, ասում էինք. ահա և մեր Արյունոտ կիրակին (մարտի 1), իսկ Լևոնը դա մերօրյա Լենինն է, և զգացվում է, որ նրան նույնպես ավելի շատ ոչ այնքան թագավորն է զայրացնում, որքան էսեռներն ու մենշևիկները: Իսկ մեր ՀԱԿ-ն այդպես է անվանվել ի պատիվ հնդկական և հարավաֆրիկյան Ազգային Կոնգրեսների, այսինքն յուրաքանչյուր ոք, ով սկսում է ապրել հեղափոխության կյանքով, իր մեջ բացահայտում է այդ երկրորդ, մարդկության լուսավոր պատմությունը, նրա միասնականությունն ու նրա օրենքները, այնպես, ինչպես ամեն ոք, ով սիրահարված է, սկսում է ընհանրություն զգալ այլ սիրող մարդկանց հետ:

Գլոբալ առումով, խոշոր քայլ է արվել համաշխարհային քաղաքական մտածողության մեջ աշխարհաքաղաքականության  հակամարդկային հայեցակարգերի փլուզման համար, որպեսզի նոր քաղաքական աշխարհ ծնվի, հիմնված մեկ սկզբունքի վրա` սիրո հարցում տվյալ հասարակության ավելի շատ կամ ավելի քիչ կոմպետենտության վրա, այսինքն, որպեսզի ինքդ քո առջև միակ-միասնական առաքելություն դնես, այն է` հասարակության յուրաքանչյուր անդամի գործող ազատության ապահովումը: