Facebook սոցիալական ցանցում հայաստանցիներն «Ազատ քաղաքացիներն ազատ քաղաքացիների համար» անունը կրող իրադարձություն են ստեղծել, որը նվիրված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայանալիք ակցիային:
Էջի հեղինակները հրավիրում են քաղաքացիներին դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հավաքվել ՌԴ դեսպանության դիմաց` պահանջելով ռուսաստանյան ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի և երթերի թույլատրում, ինչպես նաև ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:
Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կայացած բողոքի ակցիաների ընթացքում:
«Ինչպես և ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, սակայն ավտորիտար ռեժիմներ ունեցող շատ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է մարդը նման պայմաններում և ինչ է պատահում նրա հետ, երբ փորձ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ` կեղծված ընտրությունների և երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Մենք` Հայաստանում նմանատիպ դրսևորումների դեմ հանդես եկող քաղաքացիներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ժողովրդավարացման գործըթնացների ջատագովներին բանտերը նետելու քաղաքականության դեմ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում` Մոսկվայում, Կահիրեում, Միսնկում, թե Մոգադիշոյում», – ասված է էջի հեղինակների հաղորդագրության մեջ: