Մարդու իրավունքներն այսօր Հայաստանում վտանգված են: Չկա ազատ երկիր` առանց ազատ մարդու: Այս մասին այսօր` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մարդը բույս չէ, որ պարզապես շնչի, նրան պետք է ազատ ապրելու իրավունք տալ ու չզրկել այդ իրավունքից»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում ամենակարևոր դերը հասարակության ակտիվ գործունեությունն է:
«Ամեն բան, ինչ կատարվում է յուրաքանչյուրիս կյանքում, պետք է առիթ դառնա մտածելու, թե ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից: Պետք է առաջ նայենք ու ելքեր փնտրենք, ի վերջո բոլորս նույն նավակի մեջ ենք»,- ասել է Ալավերդյանը:
Նրա հավաստմամբ՝ հաջողությունների ու ձեռքբերումների հասնելու համար նախևառաջ պետք է հասկանալ թերացումներն ու բացթողումները:
«Ես կոչ եմ անում հասարակությանը ուժեղացնել ճնշումներն ու հորդորում լրատվամիջոցներին մարդու իրավունքների խախտումների մասին բողոքներով պարբերաբար դիմել Մարդու իրավունքների գրասենյակում գործող թեժ գիծ: Որքան ակտիվ լինի մեզանից յուրաքանչյուրը, այնքան կնպաստենք այս կառույցի արագ զարգացմանը», – ասել է նա:
Ըստ Ալավերդյանի` քանի որ հայաստանյան իշխանությունը դժվարությամբ է զիջում իր կարծրացած դիրքորոշումները, հետևաբար չի ընդունում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որպես իրավունք ունեցող ազդեցիկ կառույց: