ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վինոկուրովի հետ Հարավային Օսիայում կայացած խորհրդատվությունից հետո սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի` դեկտեմբերի 10-ի համար նախատեսված երդման արարողությունը չի կայանա:
Պայմանավորվածության մյուս մասը ենթադրում է Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Էդուարդ Կոկոյտիի հեռացումը պաշտոնից:
Փաստաթուղթն արդեն իսկ ստորագրվել է Կոկոյտիի և Ջիոևայի կողմից:
Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները վերստին կկայանան մարտի 25-ին և, ըստ համաձայնության, Ալլա Ջիոևան կկարողանա մասնակցել դրանց: Ըստ պայմանագրի Ջիոևան պետք է նաև դադարեցնի հանրահավաքների կազմակերպումը:
Հիշեցնենք, որ Ալլա Ջիոևան նախագահական ընտրությունների արդյունքում դուրս էր եկել երկրորդ փուլ` դեմ դուրս գալով իշխանությունների թեկնածու Անատոլի Բիբիլովին: Նախնական տվյալների համաձայն` Ջիոևան հաղթում էր:
Սակայն հանրապետության Գերագույն դատարանը, որին դիմել էր Բիբիլովը, չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները` փաստելով, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել:
Ընդդիմության թեկնածուն դրանից հետո հայտարարել էր, որ ինքն իրեն ընտրված նախագահ է համարում և չի պատրաստվում զիջել իր հաղթանակը: