17:34 Մոսկվայում ընդդիմության ակցիան, որը տարբեր գնահատականներով հավաքել էր 50-ից 80 հազար մարդ մոտեցավ ավարտին: Մարդկանց հիմնական մասը ցրվել է, սակայն երիտասարդները շարունակում են մնալ Բոլոտնայա հրապարակում: Նրանք երաժշտություն են լսում, հնչում են բելառուսական Լյապիս-Տրուբեցկոյ պանկ-ռոք խմբի երգերը:
16:53 Կազմակերպիչները կարդացել են ներկայումս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինի նամակը. «Անգամ բանտում մենք մեզ ազատ ենք զգում: Ավելի ազատ, քան իշանությունները»:
16:40 Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցուցարարները աստիճանաբար սկսում են ցրվել, թեև հրապարակում շարունակում է ավելի քան 30,000 մարդ մնալ: Ցուցարարների առջև ելույթ են ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ավելի քան 15 ներկայացուցիչներ: Որոշ ցուցարարներ այրել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության դրոշը: Ընդհանուր առմամբ հրապարակում իրավիճակը հանգիստ է գնահատվում:
16:35 ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, որ ցանկանում է ելույթ ունենալ հանրահավաքի մասնակիցների առջև:
16:25 Ելույթ է ունենում ռուսաստանյան գրող Սերգեյ Շարգունովը. «Իշխանությունը խունտա է: Մենք եկել ենք չորացնելու ճահիճը (նկատի ունի Բոլոտնայա հրապարակը, բոլոտո ռուսերենից թարգմանաբար նշանակում է ճահիճ ): Կորչի փթած իշխանությունը: Ողջույն Twitter և Facebook: Այլևս վախ չկա: Մենք իսկական հայրենասերներ ենք»:
16:20 Մասնակիցներից մեկի վկայությամբ`«ոստիկաններն իրենց շատ Friendly (ընկերական) են պահում» և ոչ ոքի չեն ձերբակալում:
16:08 Բեմահարթակից խնդրում են մարդկանց 3 քայլ հետ գնալ հրմշտոցից խուսափելու համար :
16:06 Հանրահավաքի կազմակերպիչները բեմահարթակից հայտարարում են, որ այս պահին հրապարակում 80,000 մարդ կա:
16:05 Հանրահավաքի մասնակիցների վկայությամբ` հրապարակը շատ երկար է, և վերջում բոլորովին չի լսվում` ինչ են խոսում բեմահարթակից: Հրապարակի տարբեր կողմերում միկրոհանրահավաքներ են ձևավորվում իրենց սեփական ելույթ ունեցողներով և կարգախոսներով:
16:00 Ելույթ է ունենում «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին. «Մենք յուրաքանչյուրի ձայնը կպաշտպանենք, պայքարելու ենք մինչ հաղթանակ: Արշավը նոր է սկսվում: «Յաբլոկոն» Պուտինին իշխանությունից հեռացնելու խաղաղ արշավ է սկսում»:
15:55 Անարխիստների խումբը շարժվում է բեմի ուղղությամբ: Պայթուցիկների հետևանքով ամբոխի մեջ խիտ ծխի ամպ է նստել:
15:50 Մարդիկ սկսել են պայթուցիկներ գործի դնել: Ելույթ է ունեցել նաև ռուսաստանյան հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը`կոչ անելով չտրվել ազգայնականների և անարխիստների սադրանքներին:
15:45 Կոմունիստական կուսակցության ներկայացուցչին թույլ չեն տալիս խոսել: «Մանդատդ հանձնի´»,-վանկարկում են հանրահավաքի մասնակիցները:
15:40 Ապօրինի ներգաղթի դեմ պայքարող «ԴՊՆԻ» ազգայնական, ծայրահեղական միավորումը ցանկանում է բեմ բարձրանալ: Հանրահավաքի կազմակերպիչները խոչընդոտում են:
15:37 Ազգայնականների թիվն աճում է: Նրանք զուգահեռ հանրահավաք են կազմակերպում հրապարակի վերջում:
15:35 Պաստառ Մոսկվայի ակցիայից. «Ես չեմ քվեարկել այս տականքների օգտին, ես քվեարկել եմ այն տականքների օգտին»:
15: 26 Ակցիայի մասնակիցների հաղորդմամբ` իրենք անգամ չէին կարող պատկերացնել, որ հանրահավաքը կարող է այս ծավալներն ընդունել. «Ոչ մի ՕՄՕՆ չի բավականացնի», -մասնակիցների խոսքերն է հաղորդում Openspace.ru կայքը :
15:22 Ելույթ է ունենում գրող, հրապարակախոս Դմիտրի Բիկովը. «Մենք հեղափոխություն չենք ուզում: Ազատ և խաղաղ զարգացում ենք ուզում»:
15:16 «Ձախ ճակատ» ձախ արմատական կազմակերպության անդամ Անատոլի Բառանովը պահանջում է հետաձգել նախագահական ընտրությունները: «Ճակատայինները» նշում են, որ սա ընդհանուր հանրահավաք է և պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
15:12 Պետդումայում «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Գենադի Գուդկովը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հանձնել պատգամավորական մանդատները, և որ իրենք ազատ ընտրությունների կողմնակից են:
15:08 Բորիս Նեմցովը վանկարկում է. «Մենք ստրուկ չենք, ստրուկը մենք չենք»:
15:07 Ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի խոսքով` 10,000 մարդ Հեղափոխության հրապարակից միացել է Բոլոտնայա հրապարակի ցուցարարներին
15:05 ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել: Ոստիկանության գնահատմամբ հանրահավաքին մասնակցում են 7000 քաղաքացիներ, սակայն ականատեսները հաղորդում են 20-25 հազար ցուցարարների ներկայության մասին:
Գետի վրա մի քանի ոստիկանական մոտորանավակներ են հսկում:
Ակցիայի մասնակիցներից մեկի հաղորդմամբ` ազգայնականները խախտել են ոստիկանության կողմից նշված կանոնները, նրանք դրոշներ են բարձրացրել, և կոպիտ կարգախոսներ են հնչեցնում:
Բեմում տարբեր ելույթներ են հնչեցնում: Այս պահին ելույթ է ունենում գրող, հրապարակախոս Բորիս Ակունինը: «Ես 20 տարի այպիսի Մոսկվա չեմ տեսել: Առաջին անգամ եմ հանրահավաքի մասնակցում»,- հայտարարել է Ակունինը: