16:00 ՀԱԿ-ի երթն ավարտվեց Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ ընթացքում երթին մեծ թվով մարդիկ են միացել:
14:47 Ազատության հրապարակում ելույթ ունեցած Արամ Մանուկյանը անդրադարձ է կատարել Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի դրույթներին` նշելով, որ ինքը կցանկանար ավելացնել ևս երկու կետ.
1. Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իրավունք ունենա իր երկրի տերը լինել,
2. Յուրաքանչյուր ժողովուրդ իր երկրի քյալլագյոզներին իր երկրից քշելու իրավունք ունենա:
«Այդ ակցիայով մենք միանում ենք այսօր աշխարհի բոլոր երկրներում տեղի ունեցող ակցիաներին», – ասել է Արամ Մանուկյանն ու կոչ արել հավաքվածներին տեր կանգնել իրենց իրավունքներին:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, իր հերթին, հայտարարել է, որ ի տարբերություն 2008թ. դեկտեմբերի 10-ի, երբ ոստիկանությունը ցրում էր նման երթերը, այսօր հաջողվել է նվաճել այդ իրավունքը: Ըստ Զուրաբյանի` մնացել է նվաճել մեկ իրավունք` ժողովրդավարության հաստատման իրավունքը, որը կարվի փետրվարին:
«Ավելի մեծ արժեք, քան ընտրել սեփական իշխանությունը չկա», – հայտարարել է Զուրաբյանը:
Այս պահին երթն արդեն մեկնարկել է: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Շահումյանի արձան:
14:28 Ազատության հրապարակ է ժամանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
14:24 Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ քիչ անց հնչելու են ՀԱԿ ներկայացուցիչների ելույթները, որից հետո երթ է կազմակերպվելու դեպի Մյասնիկյանի արձան:
Հարթակում գտնվող Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին են մոտեցել ոստիկաններ և հորդորել են երթի ընթացքում պահպանել կարգուկանոնը ու վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
«Դա արդեն ավանդական դարձած երթ է, չորս տարի շարունակ մենք անցկացնում ենք այն Մարդու իրավունքների միջագային օրվա կապակցությամբ: Այս անգամ շեշտը դնելու ենք սեփական իշխանություն ընտրելու իրավունքի հաստատման վրա, և երթի հիմնական առանցքը դառնալու է այդ կարգախոսը»,- երեկ Epress.am-ի հետ զրույցում ասել էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: